ՀայաստանՍնունդ

2025 թվականին Հայաստանում գրանցվել է սննդային թունավորման 21 դեպք

Հայաստանում 2025 թվականի ընթացքում արձանագրվել է սննդային թունավորման 21 դեպք, որոնց հետևանքով տուժել է 64 քաղաքացի։ Տեղեկությունը տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ թունավորումների մեծ մասը կապված է եղել հանրային սննդի օբյեկտների գործունեության հետ և հիմնականում պայմանավորված է սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով ու խաչաձև աղտոտվածությամբ։ Ամենախոշոր դեպքը գրանցվել է շաուրմայի վաճառքով զբաղվող օբյեկտներից մեկում, որտեղ թունավորվել է 12 մարդ, մինչդեռ մյուս դեպքերում տուժել է առավելագույնը մեկ կամ երկու անձ։

Պետրոսյանը նշել է, որ նախորդ տարվա միայն հինգ ամիսների ընթացքում արձանագրվել էր սննդային թունավորման 77 դեպք, որոնց մի մասը կապված էր բոտուլիզմի, ստաֆիլակոկի, չճշտված մանրէային վարակի և սնկային թունավորումների հետ։

ՍԱՏՄ ղեկավարի գնահատմամբ՝ թունավորումների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը լինելու է Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրումը, որը տեսչական մարմնում նախատեսվում է կիրառել 2026 թվականից։

Անդրադառնալով արտադրական գործունեության կասեցումներին՝ Պետրոսյանը հայտնել է, որ այդ ոլորտում նույնպես աճ է արձանագրվել։ Անցած տարի կայացվել է շուրջ 200 կասեցման որոշում, որոնցից 131-ն արդեն վերացվել են, իսկ մնացածը տարեվերջին դեռ ընթացքի մեջ էին։ Կասեցումների մեծ մասը կատարվել է ոչ պլանային ստուգումների և մշտադիտարկումների արդյունքում՝ քաղաքացիների բողոքների հիման վրա։

Նրա տեղեկացմամբ՝ 2025 թվականին ընդունվել է վարչական տուգանք նշանակելու 1455 որոշում՝ ավելի քան 339 միլիոն դրամ ընդհանուր գումարով, որից շուրջ 270 միլիոն դրամը գանձվել է տարեվերջի դրությամբ։ Նախորդ երկու տարիների համեմատ այս ցուցանիշի զգալի աճ է արձանագրվել։

Պետրոսյանը շեշտել է, որ տեսչական մարմնի նպատակը տուգանքների չափի մեծացումը չէ, այլ վերահսկողության ոլորտում կայուն և կանխարգելիչ համակարգի ձևավորումը։