Թանգարանները միացել են Սուրբ Սարգսի տոնակատարություններին
Հայաստանյան թանգարանները բազմաբնույթ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի առթիվ կազմակերպվող տոնակատարություններին։
Հունվարի 30-ին Հայաստանի պատմության թանգարանի բոլոր չամուսնացած այցելուները կստանան ավանդական աղի բլիթներ։ Հունվարի 31-ին թանգարանում նախատեսված է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսի հատուկ շրջայց, որը կվարի երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը։ Շրջայցի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Լուվրից առաջին անգամ Հայաստանում ներկայացված ցուցանմուշներին՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների հետ։
Հայաստանի ազգային պատկերասրահում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հունվարի 30-ից Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում կցուցադրվեն 18-19-րդ դարերի անհայտ հայ նկարիչների «Սուրբ Սարգիս» և «Սուրբ Գևորգ» սրբապատկերները։
Ժողովրդական արվեստների թանգարանում այցելուներին սպասվում է տոնական ծրագիր, որի շրջանակում կկազմակերպվի աղի բլիթի և փոխինձե գնդերի պատրաստում ու համտես, թեմատիկ ժողովրդական երգերի ուսուցում և վիկտորինա։ Վիկտորինայի հաղթողը կստանա ավանդական հագուստով ֆոտոսեսիայի հնարավորություն։
Տոնակատարություններին միացել են նաև մարզային թանգարանները։ Սուրբ Սարգսի տոնի նախօրեին՝ հունվարի 30-ին, Օրբելի եղբայրների տուն-թանգարանում երիտասարդ այցելուները կստանան աղի բլիթներ և կծանոթանան Օրբելի եղբայրների սիրային նամակներից ընտրված հատվածներին։
