Մի խումբ եկեղեցականների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ ՀՀ քննչական կոմիտեի մոտ այս մասին հայտնեց փաստաբան Արմինե Ֆարմանյանը, որը ներկա է եղել Գուգարաց թեմի առաջնորդի և Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հարցաքննությանը։
Փաստաբանը պարզաբանել է, որ խափանման միջոցը նշանակվել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) գործի շրջանակում՝ 507-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու հատկանիշներով։ Խափանման միջոցի պատճառով եպիսկոպոսները չեն կարող լքել Հայաստանի սահմանը, ինչը կարող է խոչընդոտել նրանց մասնակցությունը փետրվարի 16-19-ին Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին։
Ինչ վերաբերում է Մակար սրբազանի վերաբերյալ կայացված խափանման միջոցին, ապա Ֆանյանը նշեց՝ այս մասով առհասարակ խոսելու արգելք է դրվել՝ հավելելով, որ դա նույնպես ապօրինի է, քանի որ խափանման միջոցը չի կարող նախաքննական գաղտնիք համարվել։
Լրագրողների հետ զրույցում ինքը՝ Մակար սրբազանը հայտնեց, որ եպիսկոպոսին, մասնավորապես Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին կարգալույծ անելու որոշումը (ինչի համար նրանք ՔԿ են կանչվել մեղադրյալի կարգավիճակով) միանձնյա չի կատարվում։ Սրբազանը նշել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդն առաջարկ է արել կարգալույծ անելու վերաբերյալ, և ժողովն է այդ որոշումը կայացրել, քանի որ ուխտի դրժում է եղել։
Գուգարքի թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն էլ շեշտեց՝ գործի վերաբերյալ ինքը նույնպես որևէ բան չի կարող ասել։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) գործով (դատական ակտը չկատարելը)։ Նման արգելքների պարագայում բարձրաստիճան հոգևորականները չեն կարողանա մեկնել երկրից։
