Թմրամիջոցների մաքսանենգության խոշոր դեպք է բացահայտվել

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է շուրջ 23,4 կիլոգրամ մարիխուանայի մաքսանենգության դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ օրեր առաջ «Ագարակ» սահմանային անցակետում մաքսային զննման է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած քաղաքացի Ա․Փ-ի բեռնատար ավտոմեքենան։ Բեռնատարի կցորդիչի երկաթե հենարանների վրա դասավորված սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված մարիխուանայի 23,4 կգ։

Հարուցված քրեական վարույթի շրջանակում Իրանի քաղաքացին ձերբակալվել և կալանավորվել է։ Նշվում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է թմրամիջոցի հնարավոր տեղակայման մյուս վայրերը և հայտնաբերվել է ևս 42 փաթեթ մարիխուանա։

Նույն միջոցառումների ընթացքում Երևան և Մասիս տանող ճանապարհին թմրամիջոցների մաքսանենգության և իրացման կասկածի հիմքով ևս երկու անձ, Է․Ա-ն և Ս․Ջ․-ն, ձերբակալվել են և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։