Բերդի զինվորական հոսպիտալը կլուծարվի
ՀՀ կառավարությունը որոշել է դադարեցնել պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը։ Կառույցի փոխարեն կգործի «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո՝ տասը օր անց։
Կառավարության որոշմամբ՝ զինվորական հոսպիտալի լուծարման գործընթացը պետք է ավարտվի երկու ամսվա ընթացքում։
Նոր ստեղծվող բժշկական կենտրոնը նախատեսվում է ներգրավել զինված ուժերի բուժապահովման համակարգում։ Ըստ հիմնավորման՝ փոփոխության նպատակն է բարձրացնել բուժծառայությունների արդյունավետությունն ու հասանելիությունը զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և ընտանիքների անդամների համար։
Պաշտպանության նախարարությունում փոփոխությունը կապում են երկրում ինտեգրված առողջապահական համակարգ ձևավորելու քաղաքականության հետ։

