2025 թվականին Հայաստանի արգելոց-թանգարանները ռեկորդային թվով այցելուներ են ունեցել
2025 թվականին Հայաստանի արգելոց-թանգարաններն ընդունել են ռեկորդային թվով այցելուներ՝ 826 հազար, ինչը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները։ Այս մասին փետրվաի 5-ին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է, որ եթե 2023 թվականին այցելուների թիվը կազմել է 750 հազար, 2024-ին՝ 763 հազար, ապա 2025-ին այն հասել է 826 հազարի։ Հովհաննիսյանը հավելեց, որ սա գրանցվել է այն դեպքում, երբ Ամբերդ ամրոցը, որը սովորաբար մեծ թվով այցելուներ է ունենում, փակ էր վերականգնման աշխատանքների պատճառով։ 2024 թվականին այն ընդունել է մոտ 30 հազար այցելու։ Հիմա քննարկումներ են ընթանում շինարարությունը այնպես կազմակերպելու համար, որպեսզի այն բաց լինի այցելությունների համար։
Ամենաշատ այցելություննները գրանցվել են Գառնիում՝ 528 հազար այցելու, երկրորդ ամենաայցելվող հուշարձանը «Զորաց քարերն է»՝ 32 հազար այցելուով:
Տնօրենի խոսքով՝ այդ այցերից ստացված տոմսային եկամուտները օգտագործվում են հուշարձանների վերականգնման, ամրակայման և պահպանության համար։ Նախորդ տարի վերանորոգվել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, մյուս հուշարձանների տարածքներում ստեղծվել են սանհանգույցներ, տեղեկատվական կենտրոններ և այլ ենթակառուցվածքներ:
Այս տարի պլանավորվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կտա հուշարձանները պահպանողներին ավելի արդյունավետ վերահսկել տարածքները՝ այդ թվում դրոնների միջոցով։ Տնօրենի խոսքով՝ այն կօգնի ուժեղացնել պահպանությունը և կանխել գանձագողության դեպքերը։

