Հայտնի է, թե երբ կլինեն Ազգային ժողովի ընտրությունները
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
Փաստաթղթի համաձայն՝ հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հրամանագրում նշված է, որ որոշումն ընդունվել է Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասի և 93-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա։
Առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանը կալանքի տակ է, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ «Նոր ուժ» կուսակցությամբ, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։

