Հայաստանում 2025 թվալանին գնաճը կազմել է 3,3%

Հայաստանի սպառողական շուկայում 2025 թվականին 12-ամսյա գնաճը՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3,3%։ Տվյալները ներկայացրել է Վիճակագրական կոմիտեն։

Հունվար–դեկտեմբեր ամիսներին սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4,3%-ով։ Մասնավորապես, թռչնամիսը թանկացել է 4,3%-ով, տավարի միսը՝ 11,7%-ով, խոզի միսը՝ 12,7%-ով, գառան միսը՝ 14,1%-ով։ Հացի գինը բարձրացել է 3,6%-ով, մակարոնեղենինը՝ 7,9%-ով, հնդկացորենինը՝ 9,4%-ով։

2025 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կարագը և մարգարինը թանկացել են համապատասխանաբար 7,2% և 7,4%-ով, արևածաղկի բուսական յուղը՝ 8,2%-ով։ Ձվի գինը բարձրացել է 7,2%-ով, սուրճինը՝ 9,5%-ով, իսկ կակաոն գրանցել է ամենամեծ աճը՝ 31,9%։

Միևնույն ժամանակ, բանջարեղենի շուկայում արձանագրվել է 7,5% գնանկում, մինչդեռ մրգերը թանկացել են 0,7%-ով։

Ոչ պարենային ապրանքների գները դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 0,9%-ով։ Այդ ընթացքում բենզինը էժանացել է 2,2%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 4,1%-ով։

Հեղուկ ածխաջրածինների՝ բութանի և պրոպանի շուկայում դեկտեմբերին տարեկան կտրվածքով գրանցվել է 8,6% գնանկում, սակայն նոյեմբերի համեմատ արձանագրվել է 19,2% գնաճ։ Դեկտեմբերին հեղուկ ածխաջրածինների միջին գինը կազմել է 193,6 դրամ։

Դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 381,5 դրամ՝ նախորդ տարվա դեկտեմբերի 396,5 դրամի փոխարեն։