Danone-ի կաթնախառնուրդների վերաբերյալ ուսումնասիրություն կանցկացվի Հայաստանում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կսկսի ուսումնասիրել Danone ընկերության նորածինների համար նախատեսված կաթնախառնուրդները։ Տեսչական մարմնից հայտնել են, որ միջազգային հրապարակումները դիտարկվել են որպես ահազանգ, և գործընթացին արդեն ընթացք է տրվել։
Վերջին օրերին միջազգային մամուլում տեղեկություններ են տարածվում, որ եվրոպական մի շարք երկրներում շրջանառությունից հետ են կանչվում Danone-ի մանկական կաթնախառնուրդների որոշ խմբաքանակներ՝ դրանցում «ցերուլիդ» կոչվող տոքսինի հնարավոր պարունակության պատճառով։
Տեսչական մարմինը նշել է, որ իրականացվող ուսումնասիրության արդյունքները ավելի ուշ կհրապարակվեն։
Ավելի վաղ Ֆրանսիայում հետաքննություն էր սկսվել նաև մեկ այլ արտադրողի՝ Nestle ընկերության մանկական կաթնախառնուրդների հետ կապված։ Երկու նորածին էր մահացել` կաթի մեջ «ցերուլիդի» առկայության պատճառով։
Danone-ը դեռ հունվարին մամուլի հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե վերլուծությունները հաստատել են ընկերության արտադրանքի անվտանգ լինելը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ որոշ երկրների կարգավորող մարմինները սկսել են փոփոխություններ կատարել կաթնախառնուրդների թույլատրելի պարունակության մեջ, ընկերությունը հայտարարել է, որ տարբեր երկրների շուկաներից հետ է կանչում նորածինների համար նախատեսված իր արտադրանքի սահմանափակ խմբաքանակները:
Հայտնի է նաև, որ Թուրքիայում նույնպես շրջանառությունից հանվել են Danone-ի Aptamil տեսակի կաթնախառնուրդների որոշ խմբաքանակներ։

