Պարտադիր ծառայություն չանցած 27 քաղաքացիների համար նոր կարգավորում․ ԱԺ-ն հաստատեց փոփոխությունները
Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստում ընդունեց զինվորական ծառայություն չանցած և արտերկրում բնակվող 27–37 տարեկան քաղաքացիներին վերաբերող օրենքի փոփոխությունները։ Նախագիծը քվեարկությամբ անցավ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Փոփոխություններով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները կարող են կամավոր վերադառնալ Հայաստան և ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ընտրելով ծառայության կամ դրամական վճարման տարբերակներից մեկը։
Ըստ ընդունված կարգավորման՝ 12 ամիս ծառայելու դեպքում նախատեսվում է 2.5 մլն դրամ վճար, 6 ամիս ծառայելու դեպքում՝ 5 մլն դրամ, 1 ամիս ծառայելու դեպքում՝ 8 մլն դրամ։ Ծառայություն չանցնելու տարբերակ ընտրելու դեպքում վճարը կազմում է 15 մլն դրամ։
Նախագիծը ստացել է 86 կողմ ձայն, 0 դեմ և 5 ձեռնպահ ձայն. «Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկել, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ ձեռնպահ։
Նոր կարգավորումը կտարածվի 27 տարին լրացած բոլոր քաղաքացիների վրա՝ փոխարինելով նախկին սահմանափակ կիրառման դրույթը։
Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանն է։

