Սամվել Կարապետյանը ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ

Գործարար Սամվել Կարապետյանը ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը: Համագումարի ընթացքում միաձայն ընտրվեց նաև կուսակցության խորհուրդը:

Կուսակցության պաշտոնական շնորհանդեսը կկայանա փետրվարի 12-ին, ժամը 13:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կհայտարարվի նաև կուսակցության վարչապետի թեկնածուի անունը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Սամվել Կարապետյանի կողմնակիցները գրանցել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները: Մասնակցության հայտեր են ներկայացրել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը իր «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ինչպես նաև ՀԱԿ–ը՝ Լևոն Զուրաբյանի վարչապետի թեկնածությամբ: