Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել

Նրանք մասնակցելու են հայ գործընկերների հետ փետրվարի 13-14-ը նախատեսված քննարկումներին։

Ադրբեջանի քաղհասարակության անդամները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով։

Քննարկումների օրակարգում ներառված են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացները։ Մասնավորապես, տարածաշրջանային անվտանգությունը, խաղաղության հնարավոր օգուտները, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումները և այլն։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են հասարակական կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հիմնադրամի, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի, «Օրբելի» կենտրոնի, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության և այլ կառույցների ներկայացուցիչներ։

Ադրբեջանական կողմից քննարկումներին մասնակցում են Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի, «Թոփչուբաշով» կենտրոնի, ադրբեջանական և միջազգային լրատվամիջոցների, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների և հետազոտական կառույցների ներկայացուցիչներ։

Մարինա Գրիգորյան