Ձերբակալվել և ՔԿՀ են տեղափոխվել հետախուզվող անձինք
Փետրվարի 17-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են մի շարք հետախուզվող անձինք։
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները Ստամբուլ–Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևան քաղաքի 68-ամյա բնակչուհու։
Նա 2009 թվականի ապրիլի 22-ից Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանքը։ Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին և դատախազությանը։
Նույն օրը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետախուզման բաժնի ծառայողները Արցախի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու։ Նա փետրվարի 12-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով։ Նրա նկատմամբ նույնպես ընտրված է եղել կալանքը որպես խափանման միջոց։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները Դավիթաշենի 1-ին փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա մի տղամարդու։ Նա 2025 թվականի հուլիսի 14-ից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով։ Նրա նկատմամբ ևս ընտրված է եղել կալանքը։
Բացի այդ՝ Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և Վարդենիսի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու ևս, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու համար նշանակված պատժի կրումից խուսափելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ խափանման միջոցը կալանք է։ Վերջինս նույնպես տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

