Ապատեղեկատվության հերքում՝ դպրոցների փակման մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հերքում է վերջին օրերին տարբեր հարթակներում շրջանառվող այն տեղեկությունները, թե 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 231 դպրոց:
Նախարարության տարածած գրառմամբ՝ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Նախարարության հաղորդմամբ՝ կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և կրթության որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։
«Ակնհայտ ապացույցը ներկայում իրականացվող լայնածավալ դպրոցաշինության ծրագրերն են, որի շրջանակում հանրապետության տարբեր բնակավայրերում պարբերաբար բացվում են նոր դպրոցներ և մանկապարտեզներ»,- նշվում է հայտարարության մեջ։
ԿԳՄՍ նախարարությունը շեշտում է, որ ցավալի է՝ կրթության ոլորտը շահարկվում է և թիրախավորվում՝ հասարակության շրջանում անհիմն անհանգստություն ու թյուրըմբռնումներ առաջացնելու նպատակով։ Նախարարությունը հորդորում է քաղաքացիներին և մասնագիտական հանրույթին չտրվել մանիպուլյացիաներին և առաջնորդվել բացառապես պաշտոնական ու հավաստի աղբյուրներով։

