Լրացավ պատմաբան, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի մահվան 10-րդ տարելիցը

Այսօր լրանում է հայ նշանավոր պատմաբան, աղբյուրագետ և Երևանի պետական համալսարանի երկարամյա պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի մահվան 10-րդ տարելիցը։ Գիտնականը, ով 2013-2016 թվականներին ղեկավարել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը, թողել է հարուստ գիտական ժառանգություն՝ դառնալով հայագիտության զարգացման կարևոր հենասյուներից մեկը։

Պետրոս Հովհաննիսյանը հեղինակել է ավելի քան 300 գիտական աշխատություն, այդ թվում՝ տասնյակ մենագրություններ և բուհական ու դպրոցական դասագրքեր։ Նրա հետազոտությունների կիզակետում են եղել Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության մատենագիտությունը և նշանավոր պատմաբանների, մասնավորապես՝ Նիկողայոս Ադոնցի պատմագիտական վաստակը։ Պրոֆեսորի անմիջական ղեկավարությամբ և խմբագրությամբ ստեղծվել է «Ամենայն Հայոց կաթողիկոսներ» հանրագիտարանը։ Բացի համալսարանական գործունեությունից, նա դասավանդել է նաև Բեյրութի հայագիտական հիմնարկում, Սևանի Վազգենյան և Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարաններում։ Իր գիտամանկավարժական բեղուն աշխատանքի համար գիտնականն արժանացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչման և Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Սահակ — Սուրբ Մեսրոպ» շքանշանի։

Պետրոս Հովհաննիսյանի գիտական գործունեությունը վճռորոշ դեր է ունեցել հայոց պատմության աղբյուրագիտության և մատենագիտության կայացման գործում։ Նրա թողած ավանդը շարունակում է մնալ հայագիտական կրթության և հետազոտությունների անկյունաքարային արժեքներից մեկը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով