Ռուսաստանից Հայաստան չվերթներ են չեղարկվել
Ռուսաստանից դեպի Հայաստան մի շարք ավիաչվերթեր չեղարկվել կամ հետաձգվել են։ Այդ մասին վկայում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակը։
Չեղարկվել են Մոսկվայից Երևան նախատեսված երկու չվերթ՝ «Ազիմուտ» և «Շիրակ ավիա» ավիաընկերությունների կողմից, մեկ չվերթ էլ չի իրականացվի Կրասնոյարսկից։ Սանկտ Պետերբուրգ-Երևան ուղղությամբ չվերթը հետաձգվել է։
Նախնական տվյալներով՝ պատճառը Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում ԱԹՍ–ների հնարավոր հարվածի պատճառով մտցված օդանավերի ընդունման և բացթողնման ժամանակավոր սահմանափակումներն են։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին հայտնել է, որ դեպի Մոսկվա թռչող ութ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Նրա խոսքով՝ արտակարգ ծառայությունները աշխատում են ընկած բեկորների հայտնաբերման վայրերում։
Իր հերթին Ռոսավիացիայից տեղեկացնում են, որ սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։

