Փաստաբանը փորձել է կալանավորված անձին թմրամիջոցներ փոխանցել

Բացահայտվել է քրեակատարողական հիմնարկում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման դեպք։

Նախաքննությամբ պարզվել է, որ փաստաբան Վ.Ա.-ն, լինելով կալանավորվածի պաշտպան, վերջինիս խնդրանքով 2026 թվականի հունվարի 10-ին հանդիպել է կալանավորված անձի ազգականին և ապօրինի ձեռք բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք փաթեթավորված են եղել ծխախոտի տուփի մեջ։ Փաստաբանը թաքցրել է դրանք իր աշխատանքային պայուսակի մեջ և փորձել տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, սակայն ՔԿՀ աշխատակիցները դրանք հայտնաբերել և առգրավել են։

Վ.Ա.-ի և Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), կալանավորված անձի նկատմամբ՝ 44-396-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության փորձը)։

Վ.Ա.-ի և Դ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։