Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է

Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել է։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ օրեր առաջ մի խումբ ծնողներ այցելել էին մանկապարտեզ և պահանջել պարզաբանումներ տնօրենից՝ կապված նրա աշխատանքի վերականգնման հետ։ Ծնողները հետաքրքրվել էին, թե ինչպեսէ ստացվել, որ քրեական վարույթի շրջանակում քննություն չի իրականացվում, ինչու չեն հարցաքննվում աշխատակիցները, և ինչու է տնօրենը կրկին աշխատանքի հաճախում։

Ավելի վաղ՝ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին, Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ուսումնասիրությունների արդյունքում մանկապարտեզում բացահայտվել էին մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ արձանագրվել էին կեղծ հաստիքներ, կաշառքի դեպքեր, աշխատավարձերի և երեխաների համար նախատեսված սննդամթերքի յուրացումներ։ Մանկապարտեզի նկուղում հայտնաբերվել էին արկղեր՝ թռչնամսով, կարագով, ձեթով, ջեմով և այլ մթերքներով, որոնք, ըստ տվյալների, պարբերաբար դուրս էին բերվում տնտեսվարի կողմից։

Հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով Ռուզաննա Դանիելյանը և տնտեսվարը ներկայացրել էին ազատման դիմումներ և ազատվել աշխատանքից։

Մարինա Գրիգորյան