Մի շարք գողություններ են բացահայտվել
Ոստիկանության փոխանցմամբ՝ փետրվարի 20-ին Ներքին գործերի նախարարություն ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացուց, ով հայտնել է, որ փետրվարի 19-ի ժամը 20։00-ից մինչև փետրվարի 20-ի ժամը 10։20-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գայի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր էլեկտրոմոպեդը։ Տուժողին պատճառվել է շուրջ 600 000 դրամի վնաս։
Դեպքի առթիվ Նոր Նորքի համայնքային ոստիկանության բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է՝ գողությունը կատարել են 34 և 36 տարեկան երկու տղամարդ։
Նրանք հայտնաբերվել են Վաղարշյան փողոցի հասցեներից մեկի մոտ, ձերբակալվել և գողոնով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության բաժին։
Հետագա ստուգումներով իրավապահները պարզել են, որ նույն անձինք առնչություն ունեն նաև 2025 թվականի սեպտեմբերին գրանցված գողություններին։ Մասնավորապես՝ սեպտեմբերի 15-ին նրանք գողացել էին «Honda» մակնիշի, իսկ սեպտեմբերի 25-ին՝ «Hayasa» մակնիշի մոտոցիկլետներ։
Երիտասարդները կազմված փաստաթղթերով ներկայացվել են նախաքննական մարմին։ Դեպքերի առթիվ իրականացվում է նախաքննություն։

