Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործակցության փաստաթղթի մշակումը

Փետրվարի 24-ին Իրանի իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Թեհրանի մտադրությունը՝ վերջնական տեսքի բերելու Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործակցության փաստաթուղթը։

Իրանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Փեզեշքիանը Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն անվանել է Իրանի արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթություններից մեկը։ Նա ընդգծել է քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում գործակցության խորացման անհրաժեշտությունը։

Իրանի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացը՝ շեշտելով Թեհրանի հավատարմությունը տարածաշրջանային կայունությանը։ Փեզեշքիանը գոհունակություն է հայտնել միջանցքային նախագծերի (իրանական կողմի բնորոշմամբ) և շինարարական ծրագրերի ընթացքից՝ շնորհակալություն հայտնելով Երևանին հայաստանյան շուկայում իրանական ընկերությունների գործունեությանը սատարելու համար։

Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում առկա գործակցությունը՝ այն որակելով որպես Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող կայուն հարաբերություններ։

Հիշեցնենք, որ մինչ նախագահի հետ հանդիպումը, Սուրեն Պապիկյանը փետրվարի 23-ին պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա փետրվարի 24-ին Թեհրանում բանակցություններ վարել նաև ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի և Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ։

Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել էին ռազմական ոլորտում երկկողմ փոխգործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող թեմաներ։ Իրանի պաշտպանության նախարարությունում տեղի էր ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը։