Խոցելի, թե համարձակ․ ինչպես է սոցցանցը փոխում երեխային

Սոցցանցերը վաղուց արդեն դարձել են դեռահասների առօրյայի մի մասը․ շփում, ինքնարտահայտում, ճանաչում, երբեմն նաև՝ մրցակցություն։ Բայց արդյո՞ք մինչև 16 տարեկան երեխաները հոգեբանական առումով պատրաստ են այդ միջավայրին։ Տեղեկատվության անվերահսկելի հոսքը նրանց դարձնում է ավելի ուժեղ, թե՝ ավելի խոցելի։

Այս հարցերի շուրջ զրուցել ենք Մարդիկյան երեխաների պաշտպանության կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյանի հետ։

— Սոցցանցերը երեխաներին դարձնում են ավելի համարձակ, թե՝ ավելի խոցելի։

Անշուշտ, այստեղ կապ ունի երեխայի անհատականությունը։ Մասնավորապես՝ որ տարիքից և ինչ նպատակով է սկսել օգտվել սոցցանցերից։ Բայց, այնուամենայնիվ կարող ենք ասել երեխաները ավելի խոցելի են դառնում, որովհետև տեղեկատվության մեծ հոսքը բացասաբար է ազդում նրանց վրա։ Հատկապես եթե խոսում ենք դեռահասների մասին, նրանց համար սոցցանցերը դառնում են մի մրցադաշտ, որտեղ նա անգիտակցաբար սկսում է մրցել տարբեր կյանքեր ունեցող անձանց հետ։ Այս փուլում նաև արժեքների ձևավորման լուրջ խնդիր է լինում․ եթե նախկինում ընտանիքը կամ ընկերներն են եղել արժեքների ձևավորման աղբյուր, հիմա դառնում է նաև սոցիալական ցանցերը։

— Այսինքն՝ մինչև 16 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր արգելելը հոգեբանական առումով արդարացված է։

Կարծում եմ՝ այո։ Չգիտեմ ինչքանով արդյունավետ կլինի վերահսկել արգելքի իրականացումը, որովհետև տեխնիկապես չեմ պատկերացնում, թե դա ինչպես պետք է արվի։ Շատ ընտանիքներում ծնողներն էլ են սահմանափակում, և մենք դրական տեղաշարժը տեսնում ենք։ Երեխաները միշտ չէ, որ ուզում են ներգրավված լինել կամ ստանալ ինֆորմացիա։ Սոցիալական ցանցերից օգտվելու մեծագույն խնդիրն այն է, որ շատ հաճախ դժվար է վերահսկել այն ինֆորմացիան, որոնք ստանում է դեղահասը։

— Իսկ ո՞ր տարիքում է երեխան իրականում պատրաստ սոցցանցային միջավայրին։

Շատ դժվար է ասել, բայց մոտավոր կնշեմ 14-16 տարեկանը։ Ինձ թվում է, որ տարիքը ավելի շատ պայմանավորված է նրանով, թե ինչ նպատակներով է երեխան մտնում սոցցանցեր, ինչքանով է իրեն հաջողվում խուսափել կեղծիքներից ու իր տարիքին չհամապատասխանող բովանդակությունից։ Դեռահասների մոտ էլ հիմա մի շարք փոփոխություններ են նկատվում և ներկայիս 12 տարեկան երեխաներին չենք կարող համեմատել 10 տարի առաջ եղած 12 տարեկանների հետ։

— Արգելել, թե սովորեցնել ճիշտ օգտվել սոցցանցերից։ Ո՞րն է ավելի արդյունավետ։

Ամեն առումով սովորեցնել ճիշտ օգտագործելը լավագույն տարբերակն է։ Ուղղակի այստեղ կարևոր են նաև ծնողի ընդունակությունները այս մասով, որովհետև երեխաները շատ հնարամիտ են ու միմյանց փոխանցում են այդ սահմանափակումները շրջանցելու միջոցները։ Բացի այդ՝ կարևոր է նաև, որ ծնողը երեխայի հետ մտերիմ լինի․ երեխան պետք է գիտակցի, որ իր ընտանիքը աջակցում և լսում է իրեն։

— Ծնողները ո՞ր սխալն են ամենից հաճախ անում թվային դաստիարակության մեջ։

Երեխան գուցե չի կարող կտրվել սոցցանցերից, բայց պետք է իրական կյանքը այնքան լիարժեք ու բովանդակալից լինի, որ նա շատ չընկղմվի սոցցանցերի մեջ։ Երեխան պետք է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան ակտիվություն ունենա։ Բայց միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ նաև ազատ ժամանակի մասին։ Մեր օրերում ծնողներից շատերը խմբակներով և այլ երևույթներով ծանրաբեռնում են երեխաներին, բայց երեխան պետք է սովորի նաև ճիշտ ձանձրանալ՝ երգեր լսելով, քայլելով և պարզապես իր սիրելի գործով զբաղվելով։