Հայաստան–Թուրքիա սահմանի վերահսկողությունն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ձեռքում է
2026 թվականի սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայությունն իրականացնում են բացառապես Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները։ Տեղեկությունը ներառված է ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցում։
Զեկույցում նշվում է, որ ներկայում Հայաստանի պետական սահմանին որևէ գործող անցման կետ չկա, որը չգտնվի ԱԱԾ սահմանապահ զորքերի լիարժեք վերահսկողության ներքո։
Ռուսաստանի սահմանապահները Հայաստանի սահմաններին տեղակայվել էին 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրի հիման վրա, որը կարգավորում էր ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու գործունեության պայմանները։
2024 թվականի կեսերից «Զվարթնոց» օդանավակայանում վերահսկողությունն իրականացնում են բացառապես հայ սահմանապահները։ Նույն պրակտիկան գործում է նաև Իրանի հետ սահմանին գտնվող «Ագարակ» անցակետում։ Այս տարվա փետրվարից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունը նույնպես իրականացվում է բացառապես ՀՀ սահմանապահ զորքերի ուժերով։

