Հայաստանը և Լեհաստանը ստորագրեցին ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր
Հայաստանն ու Լեհաստանը Վարշավայում ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյան և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշ։
Արարողությունը տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում:
Թեև հայկական կողմը շատ մանրամասներ չի հայտնում այս թեմայի մասին, այնուամենայնիվ լեհական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ ամաձայնագրի շնորհիվ երկու երկրները ավելի սերտորեն կհամագործակցեն գիտական հետազոտությունների ոլորտում, կփոխանակեն տեղեկատվություն իրենց կողմից օգտագործվող զենքերի վերաբերյալ և կզարգացնեն համագործակցությունը պաշտպանական ընկերությունների միջև։
Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես են եկել հայտարարություններով։ Տուսկը շեշտել է, որ Եվրոպական միության ճանապարհը բաց է ՀՀ քաղաքացիների համար։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծել է, որ երկրի առաջնային նպատակն է համապատասխանել եվրոպական ստանդարտներին և իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ։
Փաշինյանն իր հերթին հրավիրել է Տուսկին մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը կայանալու է մայիսին Երևանում։
Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է 1999 թվականից և ակտիվորեն մասնակցում է դաշինքի հավաքական պաշտպանության ու ռազմատեխնիկական համագործակցության նախաձեռնություններին, մինչդեռ Հայաստանը ընդգրկված է ՀԱՊԿ-ում։ Նշենք, որ 2024 թվականի փետրվարին Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

