«Հայրենիք»-ը չի մասնակցի ընտրություններին

Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ չի մասնակցելու 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին։

Կուսակցությունը արձանագրել է, որ իշխանափոխությունը շարունակում է դիտարկել որպես գերակա առաջնահերթություն՝ այն կապելով պետության ռազմավարական նպատակների հետ։ Միևնույն ժամանակ նշվել է, որ երկրում պահպանվում է ներքաղաքական լարվածությունը, քաղաքական դաշտը շարունակում է մնալ բևեռացված, իսկ համախմբող պետական գաղափարախոսություն և արժեքային հստակ առանցք առկա չէ։

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ պետական ինստիտուտների նկատմամբ իրավական և բարոյական պատասխանատվության մեխանիզմները չեն ապահովում արդյունավետ հակակշիռներ և վերահսկողություն, իսկ քաղաքական գործընթացները շարունակում են կառուցվել ոչ ինստիտուցիոնալ տրամաբանությամբ, ինչը խոչընդոտում է կայուն պետական զարգացմանը։

Բացի այդ՝ ընդդիմադիր դաշտում ընտրություններին մասնակցող ուժերի մեծ թիվը, ըստ հայտարարության, կարող է հանգեցնել ձայների մասնատման և քաղաքական ռեսուրսների անարդյունավետ բաշխման։

Ամփոփելով վերոնշյալը՝ կուսակցության գործադիր մարմինը որոշել է չմասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և հորդորել անդամներին ու համակիրներին իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին։ Միաժամանակ հայտարարվել է, որ կուսակցությունը շարունակելու է իր զարգացման գործընթացը կուսակցաշինության բոլոր ուղղություններով

Մարինա Գրիգորյան