Իրանը զոհերի և վիրավորների թվեր է հրապարակել․ ռազմական գործողությունները շարունակվում է

Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 201 մարդ, վիրավորվել՝ 747-ը։ Տվյալները հայտնել է Իրանի Կարմիր մահիկը՝ նշելով, որ հարվածների տակ են հայտնվել երկրի 31 նահանգներից 24-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 85 մարդ։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ իրականացվել է հարվածների նոր ալիք։ Ըստ նույն աղբյուրի՝ օրվա ընթացքում Իրանի տարածքում գտնվող օբյեկտների վրա գրոհել է ավելի քան 200 ինքնաթիռ, թիրախավորվել է շուրջ 500 օբյեկտ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ իր պատասխան գործողությունների հետևանքով տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ հարվածներ են հասցվել։ Միաժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ամերիկացի զինծառայողների շրջանում կորուստներ չկան։

Իսրայելում Իրանի հասցրած հարվածներից բուժօգնություն է ցուցաբերվել 89 մարդու, որոնց վնասվածքները, ըստ պաշտոնական տվյալների, թեթև են։