Նոր կարգավորումներ են սահմանվել անհետ կորած անձանց համար
ՀՀ Ազգային ժողովը 88 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» նոր օրենքի նախագիծը։
Օրենքով սահմանվում է, որ Հայաստանում անհետ կորած անձ կհամարվի զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող անձը, այդ թվում՝ կամավորականը, որը անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում, ինչպես նաև զինադադարի կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ ժամանակահատվածում։
Սահմանվում է, որ անհետ կորած անձի հետախուզումը դադարեցվում է, եթե նրա գտնվելու կամ հուղարկավորության վայրը, ինչպես նաև մարմնի մասունքների գտնվելու վայրը պարզվելուց հետո երեք օրվա ընթացքում այդ մասին գրանցում է կատարվում համապատասխան նորաստեղծ ռեեստրում։ Սակայն եթե անձը դատարանի որոշմամբ ճանաչվել է մահացած, բայց մարմինը չի հայտնաբերվել, հետախուզումը չի դադարեցվում։
Անհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին է սահմանվում Ազգային անվտանգության ծառայությունը, որը կկազմակերպի համապատասխան աշխատանքների համակարգումը, տեղեկատվության հավաքագրումն ու հետախուզումը, ինչպես նաև կապը ընտանիքների հետ։
Օրենքով նախատեսվում են նաև սոցիալական երաշխիքներ։ Ընտանիքի անդամներից մեկի երկարատև հիվանդության կամ մահվան դեպքում պետությունը կարող է տարեկան մեկ անգամ տրամադրել միանվագ դրամական օգնություն։ Եթե անհետ կորածի ընտանիքը չունի բնակարան կամ բնակվում է չորրորդ կարգի վթարային շենքում, պետությունը կարող է նրանց տրամադրել բնակարան սեփականության իրավունքով կամ բնակարանի ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն։
Անհետ կորածների ընտանիքների անդամները կօգտվեն նաև հարկային և կրթական արտոնություններից, ինչպես նաև հավելյալ ֆինանսական աջակցությունից։
Նույն աջակցությունը կտրամադրվի նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում 2023 թվականի սեպտեմբերին բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած 22 անձանց ընտանիքներին։
Պաշտոնական տվյալներով՝ 1988–2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած է համարվում 191 մարդ։

