Ագարակ անցակետում 180-200 բեռնատար է սպասում
Ագարակ անցակետում՝ Հայաստանի և Իրանի սահմանի մոտ, այս պահին հերթում է մոտ 180-200 բեռնատար։ Այս մասին հայտնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին։
ՊԵԿ-ի տեղեկացմամբ՝ իրանական կողմում հաճախ լինում են կապի խափանումներ, ինչը հանգեցնում է սահմանային գործընթացների դանդաղման։ Չնայած այդ խափանումներին՝ բեռնատարների տեղաշարժը շարունակվում է՝ հիմնականում թղթային տարբերակով, որն ավելի ժամանակատար է։ Քաղաքացիների համար հնարավոր են որոշակի սահմանափակումներ, որպեսզի ապահովվի բեռնատարների բնականոն տեղաշարժը և խուսափել հերթերից։
Ինչ վերաբերում է բեռնափոխադրումների ծավալներին, ՊԵԿ-ը նշում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված լարվածության պատճառով բեռնափոխադրողները նախընտրում են Չինաստանից և Մերձավոր Արևելքի երկրներից բեռները տեղափոխել Վրաստանի ճանապարհով՝ շրջանցելով Իրանի տարածքը։ Արդյունքում, վերջին օրերին նկատվում է բեռնափոխադրումների որոշակի նվազում Իրանի միջով, սակայն այն դեռևս շատ արտահայտիչ չէ:

