Հնդկաստանում մնացած ՀՀ 104 քաղաքացի վերադարձել է Երևան

Վերջին օրերին Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, որը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Շրի Լանկայում, Բանգլադեշում և Նեպալում, իր աշխատանքներն իրականացրել է արտակարգ ռեժիմով՝ կապված տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ-ն։

Դեսպանությունը կապի մեջ է եղել այն ՀՀ քաղաքացիների հետ, որոնք Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման և դրա հետևանքով չվերթների չեղարկման պատճառով մնացել էին հավատարմագրման երկրներում։ Խոսքը հիմնականում զբոսաշրջային նպատակներով Հնդկաստանում և Շրի Լանկայում գտնվող քաղաքացիների մասին է։ Նրանց վերաբերյալ հավաքագրվել են անհրաժեշտ տեղեկություններ և դիտարկվել են Հայաստան վերադարձի հնարավոր տարբերակները։

Դիվանագիտական ներկայացուցչությունը նաև համապատասխան աշխատանք է իրականացրել թռիչքի թույլտվություն ստանալու ուղղությամբ՝ համագործակցելով Հնդկաստանի ավիացիայի նախարարության և արտաքին գործերի նախարարության հետ։

Արդյունքում՝ մարտի 5-ի ուշ երեկոյան Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit» միջոցառման մասնակիցներն ու «Vardan Travel» զբոսաշրջային խմբի անդամները՝ ընդհանուր առմամբ 104 ՀՀ քաղաքացի, Գոայից ուղևորվել են Երևան։ Նրանց տեղափոխող ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Զվարթնոց միջազգային օդանավակայանում։

ԱԳՆ փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել նաև Շրի Լանկայում գտնվող 12 և Գոայում գտնվող 6 ՀՀ քաղաքացի, որոնք այնտեղ են հիմնականում զբոսաշրջային կամ գործարար նպատակներով։ Նյու Դելիում գործող ՀՀ դեսպանությունը նրանց հետ պահպանում է ամենօրյա կապ և հրատապ մեկնելու ցանկության դեպքում առաջարկում է դիտարկել առկա տարբեր տարբերակներ։

Բացի այդ՝ դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող երկու ՀՀ քաղաքացի, որոնց նույնպես ներկայացվել են տվյալ պահին հնարավոր ուղևորության տարբերակները։

Մարինա Գրիգորյան