Փաստաբանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և նրանց կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այդ թվում՝ մեկ փաստաբանի։
Կոմիտեի փոխանցմամբ՝ ձեռք բերված ապացույցները ցույց են տալիս, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը ներգրավված է եղել որպես պաշտպան սպանության դեպքի առթիվ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում քննվող քրեական գործով մեղադրյալի համար։
Քննության տվյալներով՝ դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, իր կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում փորձել է ապօրինի կերպով ազդել գործով կարևոր վկայի վրա։ Մասնավորապես, նրանք փորձել են համոզել, ինչպես նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու միջոցով հարկադրել վկային դատարանում փոխել նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքները և տալ սուտ ցուցմունք, որը կարող էր նպաստել մեղադրյալի՝ քրեական պատասխանատվությունից խուսափելուն։
Բացի այդ՝ ըստ քննության՝ վկային փոխանցվել է նաև դեռևս չպարզված չափի կաշառք, ինչից հետո նա հերթական դատական նիստում տվել է սուտ ցուցմունք։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։

