Իրանից Հայաստան տեղափոխվող քաղաքացիների հոսքն էապես չի տարբերվում

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Հայաստանի Հանրապետության դեսպանությանը դիմել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացիներ։ Նրանցից մեկն արդեն առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան, իսկ երկրորդ քաղաքացու վերադարձի կազմակերպման գործընթացը դեռ շարունակվում է։

Դիվանագիտական ներկայացուցչությունը հայտնում է, որ օրական ստանում է միջինում 15-20 հեռախոսազանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանի անցանելիությանը։ Նշվում է, որ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվում են բնականոն ռեժիմով։

Միաժամանակ ընդգծվում է, որ Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների հոսքը սովորականից էապես չի տարբերվում։

Իրանում կապի սահմանափակումներով պայմանավորված՝ ՀՀ դեսպանությունը նաև աջակցում է Իրանում գտնվող հայերի վերաբերյալ տեղեկությունների փոխանցմանը նրանց հարազատներին։

Բացի ՀՀ քաղաքացիներից՝ դեսպանությանը դիմում են նաև օտարերկրյա քաղաքացիներ՝ Հայաստան մուտք գործելու հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նրանց տրամադրվում են համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ ուղղորդումներ։

Դեսպանությունը նաև անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում Իրանի Իսլամական Հանրապետությունում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետներին և նրանց ընտանիքների անդամներին՝ ըստ անհրաժեշտության Հայաստանի տարածքով դեպի իրենց երկրներ վերադարձի կազմակերպման հարցում։

Մարինա Գրիգորյան