Կատարում գտնվող քաղաքացիները կապի մեջ են դեսպանության հետ

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող Հայաստանի Հանրապետության 41 քաղաքացի։ Դեսպանությունից հայտնում են, որ քաղաքացիների հետ կապը կրում է մշտական բնույթ։

Նշվում է, որ քաղաքացիներից 38-ը ճանապարհորդելիս են եղել «Qatar Airways» ավիաընկերության միջոցով։ Ավիաընկերության կողմից նրանց համար ապահովվել են կեցության և սննդի բոլոր պայմանները։

Դեսպանության տվյալներով՝ քաղաքացիներից երկուսն ունեցել են դեղորայքի կարիք. անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերվել է Դոհայում ՀՀ դեսպանության կողմից։

Մարտի 6-ին դեսպանությունում կազմակերպվել է հանդիպում, որին մասնակցել են Դոհայում մնացած ՀՀ բոլոր քաղաքացիները։ Քննարկման ընթացքում դեսպանության կողմից գնահատվել են նրանց կարիքները։

Միաժամանակ նշվում է, որ Կատարի տարածքում գտնվում է ևս երեք ՀՀ քաղաքացի, որոնց դեպքում նույնպես դիտարկվում են Հայաստան վերադարձի հնարավոր տարբերակներ։

Ըստ նախնական տվյալների՝ «Qatar Airways» ընկերության մարտի 9-ի չվացուցակում այս պահին ներառված է դեպի Երևան նախատեսված չվերթը։

Մարինա Գրիգորյան