Դուբայից դեպի Երևան թռիչքներ են հետաձգվել
Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը։ Այս մասին հայտնում են պաշտոնական աղբյուրները։
Նշվում է, որ այս պահին Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ կապ է հաստատել թռիչքի համար գրանցված Հայաստանի Հանրապետության 4 քաղաքացի։ Հյուպատոսությունը քաղաքացիների հետ գտնվում է մշտական կապի մեջ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է նաև ավիաընկերության ներկայացուցիչների հետ։ Նախնական տվյալներով՝ թռիչքը նախատեսվում է իրականացնել տեղի ժամանակով ժամը 15:00-ին։ Քաղաքացիներին հորդորում են հետևել ավիաընկերության կողմից հրապարակվող թարմացվող տեղեկություններին։
Միաժամանակ հիշեցվում է, որ մարտի 8-ին՝ ժամը 21:30-ին, նախատեսվում է Մասկատ-Երևան չվերթը, որի համար ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվում է ԱՄԷ-ից Օմանի օդանավակայան անվճար տեղափոխում։
Նշենք նաև, որ «Emirates» ավիաընկերությունը մինչև հետագա ծանուցումը դադարեցրել է բոլոր թռիչքները դեպի Դուբայ և Դուբայից։ Ավիաընկերությունը նաև կոչ է արել ուղևորներին անվտանգության նկատառումներով չժամանել օդանավակայան։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էին կադրեր, որոնցում երևում է Դուբայի օդանավակայանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքի հարվածի պահը։

