Հանրահավաքին մասնակիցներին նյութապես շահագրգռելու դեպքի քննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին Սամվել Կարապետյանին աջակցող հանրահավաքին մեծաքանակ անձանց մասնակցությունը ապահովելու նպատակով մի շարք անձանց նյութապես շահագրգռելու դեպքը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ Ս.Կ.-ի մտերիմ Ն.Թ.-ի նախաձեռնությամբ Երևանի բնակիչ Բ.Ս.-ն կազմակերպել է 9 անձի մասնակցությունը հանրահավաքին՝ խոստանալով յուրաքանչյուրին 10 հազար ՀՀ դրամ։ Հետագայում Բ.Ս.-ն իր վրա վերցրած անձանցից յուրաքանչյուրին վճարել է խոստացված գումարը։

Բ.Ս.-ի նկատմամբ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, իսկ Ն.Թ.-ի մասով նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում նաև ձեռք են բերվել տվյալներ, որ մի խումբ անձինք նյութապես շահագրգռել են ուրիշներին՝ մասնակցելու Ս.Կ.-ին աջակցող հավաքին։ Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելուն, ինչպես նաև մասնակցելու կամ հրաժարվելու համար նյութապես շահագրգռելուն։ Բ.Ս.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ կիրառվել է նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված օժանդակության մեղադրանքը։ Հ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ նման գործողությունները քրեական պատասխանատվություն են առաջացնում՝ առավելագույնը երեք տարվա ազատազրկմամբ։ Նշվում է, որ վերջին ժամանակներում արձանագրվել են բազմաթիվ նման դեպքեր, ուստի իրավապահ մարմինը կոչ է անում ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ և ձեռնպահ մնալ այս տեսակի հանցավոր դրսևորումներից։

Մարինա Գրիգորյան