ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով բացահայտվել են Պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային ստորաբաժանման պաշտոնատար անձի կողմից իրականացված ապօրինի գործողություններ:
Նախաքննության տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի մի քաղաքացի, իր որդուն պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարի ժամկետով տարկետում ստանալու նպատակով, նույն մարզի բնակչի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ պաշտոնյայի հետ: Վերջինս 2025 թվականի հուլիսին պահանջել է խոշոր չափի՝ 11.000 ԱՄՆ դոլար կաշառք հարցը լուծելու համար:
Բացի այդ՝ նախաքննությունը պարզել է, որ պաշտոնյան այլ քաղաքացիների օգտին ապօրինի գործողություններ է կատարել՝ կազմակերպելով և օժանդակելով նրանց՝ վարժական հավաքներին չմասնակցելու գործընթացին: Մասնավորապես, մի քաղաքացուց պաշտոնյան ստացել է ավելի քան 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ, իսկ մեկ այլ դեպքում՝ իր ծանոթին վարժական հավաքներից խուսափելն ապահովելու համար դրդել է այլ պաշտոնյայի կազմել բժշկական կեղծ եզրակացություն:
Պաշտոնատար անձին և ևս 3 անձին ներկայացվել են մեղադրանքներ:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

