Ի՞նչ է քննարկվել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում
Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհուրդի հերթական ժողովը։
Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը զեկուցել է Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում 2026 թվականի փետրվարի 17-19-ը անցկացված եպիսկոպոսական հավաքի մասին։ Նշվել է, որ հավաքին մասնակցած եպիսկոպոսները քննարկել են Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները, եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկայիս վիճակը և Եկեղեցու առաքելության արդյունավետության բարձրացման հարցերը։
Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մասյացոտնի թեմում ստեղծված իրավիճակին՝ թեմի առաջնորդի պաշտոնանկությունից հետո։ Տեղեկություններ է ներկայացրել թեմի առաջնորդական տեղապահ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ նշելով, որ կարգալույծ Արման Սարոյանը, իշխանության մարմինների ապօրինի աջակցությամբ, խոչընդոտում է թեմի հովվական և վարչական գործունեությանը՝ լարվածություն առաջացնելով հոգևորականների և հավատացյալների շրջանում։ Միաժամանակ ընդգծվել է, որ թեմի հոգևորականների մեծամասնությունը շարունակում է ծառայությունը։
Քննարկվել են նաև եկեղեցի-պետություն հարաբերություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաև եկեղեցականների նկատմամբ նախաձեռնված քրեական, վարչական և քաղաքացիական գործերի ընթացքը։ Զեկույցներով հանդես են եկել իրավաբան Գևորգ Դանիելյանը և փաստաբան Արա Զոհրաբյանը՝ ներկայացնելով դատական ակտերի վիճակագրությունն ու ընթացիկ զարգացումները։
Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորել է Եկեղեցու իրավունքների և ինքնավարության պահպանումը՝ դատապարտելով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող խտրական և կամայական գործողությունները, եկեղեցականների նկատմամբ իրականացվող հալածանքները, ինչպես նաև պետական լծակների կիրառմամբ Եկեղեցու գործունեության սահմանափակման փորձերը։
Խորհուրդը նաև անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթին՝ մերժելի համարելով Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցված մեղադրական բնույթի գնահատականները։
Ժողովի ընթացքում քննարկվել են նաև 2026 թվականի սեպտեմբերին նախատեսվող եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կազմակերպման հարցերը։ Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքներն ու օրակարգային առաջարկությունները։
Առանձին քննարկման թեմա է դարձել նաև ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման հարցը։ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը ներկայացրել է գնդերեցների նկատմամբ գործադրված ճնշումները և առաջացած խնդիրները։ Գերագույն հոգևոր խորհուրդը նշել է, որ պաշտպանության նախարարի միակողմանի որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու գործող օրենքներին՝ կարևորելով բանակում հոգևոր սպասավորների ծառայության նշանակությունը զինվորների հոգևոր և բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման գործում։
Ժողովի ընթացքում ներկայացվել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը, ֆինանսական տարեկան հաշվետվությունները, Մայր Տաճարի շինարարության ավարտական տվյալները և Վերստուգիչ հանձնախմբի զեկույցը։ Բացի այդ՝ ներկայացվել են Հայաստանում և սփյուռքի համայնքներում իրականացված հոգևոր, կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերը։

