Կապույտ մզկիթում նշվել է Եղիշե Չարենցի 129 ամյակը
Երևանի Կապույտ մզկիթում այսօր նշվել է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 129-ամյակը։ Միջոցառման շրջանակում ներկայացվել է բանաստեղծի «Չարենց-Նամե» պոեմի պարսկերեն թարգմանությունը։
Միջոցառմանը ներկա է գտնվել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Վերջինս նշել է, որ Չարենցի ստեղծագործությունները կարևոր տեղ ունեն հայ և իրանցի ժողովուրդների մշակութային կապերի տեսանկյունից։ Նրա խոսքով՝ պոեմի պարսկերեն թարգմանությունը ներկայացվել է հենց Չարենցի ծննդյան օրվա առթիվ։
Դեսպանը նաև նշել է, որ իրանական կողմը ծրագրում է շարունակել հայ դասականների ստեղծագործությունների պարսկերեն թարգմանությունը՝ նպաստելով երկու ժողովուրդների մշակութային փոխճանաչմանը։
Միջոցառման անցկացման վայրը ևս խորհրդանշական էր։ Կապույտ մզկիթը Երևանում պահպանված միակ մզկիթն է, որի պահպանման գործում, ըստ պատմական տվյալների, դեր են ունեցել նաև Եղիշե Չարենցը և մի շարք հայ մտավորականներ։
«Չարենց-Նամե» պոեմը գրվել է Արևելքի մեծ բանաստեղծ Աբդուլ-Կասիմ Ֆիրդուսու «Շահ-Նամե»-ի օրինակով։ Պոեմում նկարագրված են տարբեր պատմական և մշակութային պատկերներ, իսկ ստեղծագործության որոշ հատվածներ առնչվում են նաև Չարենցի ընտանեկան ծագման հետ։

