Կաշառք՝ ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետերից մեկն անտառապահի հետ խմբի կազմում, ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառք է ստացել քաղաքացիներից՝ նրանց կողմից իրականացվող ապօրինի ծառահատումները չարձանագրելու և դրանք անխոչընդոտ իրականացնելու դիմաց։

Նախաքննությամբ պարզվել է, որ անտառապետը երկու քաղաքացիների կողմից իրականացված ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց 2023 թվականի հոկտեմբերին պահանջել է 105 հազար դրամ կաշառք՝ դրա մի մասը անտառապահին փոխանցելու նպատակով։ Բացի այդ՝ բացահայտվել է նույն ժամանակահատվածում նրանց կողմից խմբի կազմում ապօրինի ծառահատումների դիմաց կաշառք ստանալու ևս մեկ դեպք։

Քրեական վարույթով պարզվել է նաև, որ անտառապետն իր պաշտոնավարման ընթացքում չի արձանագրել անտառնտեսության տարածքում այլ անձանց կողմից իրականացվող ծառահատումները՝ նպատակ ունենալով, որպեսզի վերջիններս իրավապահ մարմիններին չհայտնեն իր կողմից կազմակերպված ապօրինի ծառահատումների մասին։

Անտառապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրանքներ են ներկայացվել ևս երեք անձի, այդ թվում՝ անտառապահին։

Նախաքննությամբ բացահայտվել են նաև «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի նշված պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու այլ դրվագներ, որոնց մասով նախաքննությունը շարունակվում է։

Մարինա Գրիգորյան