«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պարզաբանել է Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկման պատճառը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկման վերաբերյալ։

Ընկերության հաղորդմամբ՝ մարտի 15-ին, ժամը 13։05-ին, Երևանի հիդրոէլեկտրակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումների թիվ 8 բջիջը անջատվել է, ինչի հետևանքով կատարվել են էլեկտրամատակարարման սխեմայի փոփոխություններ։

Նշվում է, որ անջատման պատճառ է դարձել «Յուվենթուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքը կառուցապատող կազմակերպության կողմից կատարված ապամոնտաժումն է, որը իրականացվել է առանց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման։ Ըստ ընկերության՝ այդ ընթացքում քանդվել է տրանսֆորմատորային ենթակայանին կից շինությունը և վնասվել են ենթակայանի պատերն ու տանիքը։

Արդյունքում հորդառատ անձրևաջրերը ներթափանցել են ենթակայան, ինչի հետևանքով շարքից դուրս են եկել տրանսֆորմատորային ենթակայանի էլեկտրական սարքավորումները և սնուցող մալուխագիծը։ Խափանումներ են առաջացել նաև էլեկտրամատակարարման շղթայի շրջանակաձև սխեմայի չորս ենթակայաններում՝ դրանց ցածր լարման սարքավորումներով և մալուխագծերով, ինչն առաջացրել է տեղային խոշոր խափանում։

Այդ պահից հոսանքազրկվել է տվյալ ենթակայանից սնուցվող 6 հասցե, այդ թվում՝ Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը։

Ընկերության տեղեկացմամբ՝ մարտի 15-ին ժամը 14։10-ից սկսվել են վնասվածքների տեղորոշման աշխատանքները, որոնք ավարտվել են 20։10-ին։ Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են մինչև այսօր առավոտյան՝ ժամը 07։20-ը, երբ ՏԵ-1112 ենթակայանը դրվել է լարման տակ։ Սակայն մեկուսացման խափանման պատճառով ենթակայանի այլ սարքավորումներ նույնպես շարքից դուրս են եկել։

Ներկայում, ըստ ընկերության, շարունակվում են սարքավորումների մեկուսացման դիմադրության բարձրացման և չորացման աշխատանքները, և ժամեր անց նշված վեց ուղղությունների էլեկտրամատակարարումը կվերականգնվի։