Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը վերացվեց

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է։ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, որոշել է նրա նկատմամբ կիրառել բացակայելու արգելք և վարչական հսկողություն։

Դատարանի որոշմամբ՝ Մկրտիչ սրբազանին արգելվում է հաղորդակցվել վարույթի մասնակիցների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ, այցելել թեմի նստավայր, ինչպես նաև մարզում գտնվող եկեղեցիներ։

Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել էր 2025 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու և ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելու հիմքերով։

Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի նախկին քահանա Արամ Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների հիման վրա։ Ավելի ուշ նա կարգալույծ է արվել՝ ստանալով Ստեփան Ասատրյան անունը։ Դեպքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Ավելի վաղ՝ փետրվարի 12-ին, դատարանը Մկրտիչ սրբազանի կալանքը փոխարինել էր տնային կալանքով։ Այդ ընթացքում նրան արգելված էր մասնակցել պատարագների և հանդիպել քահանաների հետ։