Սահմանամերձ բնակավայրերում կֆինանսավորվի առնվազն 1417 տան կառուցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ անցկացրել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանամերձ բնակավայրերում 16 մլն դրամ աջակցությամբ բնակարանային ծրագրին։

Վարչապետի խոսքով՝ ծրագրի շրջանակում Կառավարությունը կֆինանսավորի առնվազն 1417 նոր տան կառուցում՝ ինչպես սահմանամերձ, այնպես էլ մի շարք այլ բնակավայրերում։

Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ծրագիրը նախատեսված է երեք խմբի շահառուների համար։ Առաջին խումբը կազմում են մոտ 400 քաղաքացիներ, որոնք նախկինում չեն հասցրել օգտվել ծրագրից։ Խոսքը այն անձանց մասին է, որոնք համապատասխանում են բոլոր չափանիշներին և ստացել են շինթույլտվություն մինչև 2025 թվականի մայիսի 1-ը, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ձեռք են բերել հողամաս կամ գրանցել դրա սեփականության իրավունքը։

Բացի այդ, սահմանվել է 774 նոր քվոտա այն բնակավայրերի համար, որտեղ կառուցված տների թիվը չի գերազանցում բնակչության թվի 10 տոկոսը։ Այս դեպքում, հիմնական պայմաններից բացի, նախատեսվում է, որ ամուսիններից առնվազն մեկը վերջին 12 ամիսներին հաշվառված լինի տվյալ բնակավայրում։

Նախարարի գնահատմամբ՝ ծրագիրը կնպաստի բնակարանային ապահովման խնդիրների լուծմանը և տարածքային համաչափ զարգացմանը։