Առողջապահության նախարարությունը նախատեսում է խստացնել հիվանդանոցների ֆինանսական վերահսկողությունը
ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է մեխանիզմներ՝ բժշկական կենտրոնների տնօրենների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու համար։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Վեդու բժշկական կենտրոնի շուրջ առաջացած աղմկահարույց դեպքին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Վեդու բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արամայիս Գրիգորյանը բուժհաստատության բյուջեից շուրջ 140 միլիոն դրամ է վատնել խաղատներում։ Ըստ հրապարակումների՝ նա ձևակերպել է բարձր աշխատավարձեր, սակայն իրականում բժիշկներին վճարել է ավելի քիչ գումարներ։
Նախարար Ավանեսյանը նշել է, որ դեպքի առթիվ կա հարուցված քրեական գործ և այն գնահատվում է որպես լուրջ խնդիր։ Նրա խոսքով՝ վերանայվում են ոչ միայն առանձին դեպքի, այլև բոլոր հիվանդանոցների ֆինանսական հոսքերի վերահսկման մեխանիզմները։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նմանատիպ դեպքեր լինեն նաև այլ բուժհաստատություններում, նախարարը չի բացառել այդ հնարավորությունը՝ նշելով, որ արդեն արձանագրված դեպքը ցույց է տալիս նման ռիսկերի առկայությունը։
Ավանեսյանը տեղեկացրել է նաև, որ Վեդու բժշկական կենտրոնում նշանակվել է տնօրենի նոր պաշտոնակատար, բուժաշխատողների աշխատավարձերը վճարված են, իսկ հաստատությունը գտնվում է նախարարի խորհրդականի վերահսկողության ներքո։ Միաժամանակ, իրավապահ մարմինների հետ աշխատանք է տարվում՝ հնարավոր յուրացված գումարները վերադարձնելու ուղղությամբ։

