Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը կբարձրանա՝ ստաժից կախված հավելավճարներով

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հավելավճար կստանան՝ ելնելով իրենց աշխատանքային ստաժից։ Համապատասխան օրենսդրական նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարի խոսքով՝ Սահմանադրական դատարանի դատավորների գործող աշխատավարձը չի համապատասխանում նրանց կարգավիճակին, լիազորություններին և պատասխանատվությանը, ուստի անհրաժեշտ է վերանայել դրա կառուցվածքը՝ ապահովելով սոցիալական և նյութական անկախության լրացուցիչ երաշխիքներ։

Նախագծով առաջարկվում է, որ Սահմանադրական դատարանի նախագահը, նրա տեղակալները և դատավորները հավելավճար ստանան՝ հաշվի առնելով աշխատանքային ստաժը։ Աշխատավարձը կավելանա 20 տոկոսով՝ պաշտոնավարման երկրորդ տարվանից, 35 տոկոսով՝ երրորդ տարվանից, իսկ չորս տարի անց յուրաքանչյուր տարի կավելանա ևս 10 տոկոսով։

Քանի որ Սահմանադրական դատարանի դատավորներն ընտրվում են 12 տարով, այս փոփոխությունների արդյունքում նրանց աշխատավարձը կարող է աճել մինչև 11 անգամ։

Գալյանը նշել է, որ ներկայում դատավորներն արդեն ստանում են 20 տոկոս հավելավճար՝ երկրորդ տարվանից սկսած, սակայն առաջարկվող փոփոխություններով հավելավճարներ կսահմանվեն նաև աշխատանքային ստաժի համար։

Նախարարը դեռևս չի ներկայացրել աշխատավարձերի բարձրացման հստակ թվերը՝ խոստանալով դրանք հրապարակել ավելի ուշ։ Միևնույն ժամանակ նշել է, որ, օրինակ, չորս տարի պաշտոնավարած դատավորը փոփոխություններից հետո կստանա մոտ 400 հազար դրամով ավելի։

Նախարարի գնահատմամբ՝ նախատեսվող փոփոխությունների իրականացման համար Սահմանադրական դատարանի բյուջեն բավարար չի լինի, և անհրաժեշտ կլինի լրացուցիչ շուրջ 46.8 մլն դրամ հատկացնել։