Երևանում ավարտվեց «Ռոբոտների հաքաթոն»-ը

Մարտի 17-19-ը Երևանում տեղի ունեցավ «Ռոբոտների հաքաթոն»-ը, որը կազմակերպվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Մրցույթի նպատակը ռոբոտաշինության, ծրագրավորման և մեխատրոնիկայի ոլորտներում երիտասարդ մասնագետների հմտությունների զարգացումն է, ինչպես նաև թիմային աշխատանքը խրախուսելը և նորարարական մտածողության ձևավորումը։

ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Հրանուշ Վարդանյանի խոսքով` մասնակցության հայտ էր ներկայացրել 75 թիմ, որոնցից մրցույթին ընտրվեցին լավագույն 36-ը՝ ընդգրկելով 123 մասնակից Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից։

Երեք օրերի ընթացքում թիմերը ստացան առաջադրանքներ, աշխատեցին իրենց սարքավորումներով և կառուցեցին մրցունակ ռոբոտներ՝ համապատասխանելով տեխնիկական չափանիշներին։

Մրցույթի ընթացքում յուրաքանչյուր ռոբոտ ստուգվեց գնահատման հանձնաժողովի կողմից, որից հետո նրանք դուրս եկան արենա՝ իրար դեմ մրցելու։ Հիմնական առաջադրանքը մրցակցին սահմանված տարածքից դուրս մղելն էր։

Մրցույթի ավարտին հաղթողները պարգևատրվեցին, սակայն մասնակիցների խոսքով՝ ամենակարևորը ձեռք բերած փորձն ու գիտելիքն է, որը կծառայի ապագա տեխնոլոգիական նախագծերի իրականացմանը։

1-ին մրցանակին արժանացել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի «Հատուկ թիմը»՝ ստանալով 1.5 մլն դրամ պարգև։

2-րդ մրցանակը շնորհվել է Երևանի «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիայի թիմին՝ 1 մլն դրամ։

3-րդ մրցանակին արժանացել է Իջևանի «Իրական դպրոցի» թիմը՝ ստանալով 500,000 դրամ։