Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պատրաստվում է մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պաշտոնապես ստացել է Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանից հրավեր՝ մասնակցելու Իլյա Բ կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը և հարակից միջոցառումներին։ Այս մասին հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Տեր Եսայիի խոսքով՝ Վեհափառը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, հարգանքի տուրքը մատուցել հանգուցյալ Պատրիարքին և իր վշտակցությունն արտահայտել Վրաց ուղղափառ եկեղեցուն ու վրաց ժողովրդին։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Վեհափառի պաշտպանական կողմը Քննչական կոմիտե է ուղարկել միջնորդություն, որով պահանջում են վերացնել Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցների՝ Հայաստանից ելքը արգելող կետը։ ՔԿ-ից տեղեկացրել են, որ միջնորդությունը կքննարկվի սահմանված ժամկետում։
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ն կհուղարկավորվի Թբիլիսիի Սիոնի եկեղեցում մարտի 22-ին։ Նա մահացել է մարտի 17-ին հիվանդանոցում։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, ինչի պատճառով նրան արգելվել է լքել Հայաստանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը հուղարկավորությանը կմասնակցի բարձր մակարդակով։

