Դատական վեճերը չեն խոչընդոտի բնակարանների գրանցմանը․ ԱԺ-ում նախագիծ է ներկայացվել

Բազմաբնակարան շենքերում բնակարան ձեռք բերած քաղաքացիները կկարողանան գրանցել իրենց սեփականության իրավունքը, նույնիսկ եթե շենքի տակ գտնվող հողամասի շուրջ դատական վեճ կա։ Համապատասխան նախագիծը Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։

Նրա խոսքով՝ գործող կարգավորումներով նման վեճերի առկայությունը խոչընդոտում է անշարժ գույքի գրանցմանը, ինչի հետևանքով բնակարանների սեփականատերերը երկար ժամանակ մնում են անորոշ վիճակում։

Նախագծով առաջարկվում է թույլ տալ բնակարանների առքուվաճառքն ու սեփականության իրավունքի փոխանցումը՝ անկախ դատական գործընթացից։ Այս դեպքում գնորդը կդառնա բնակարանի սեփականատեր, իսկ հողամասի իր բաժնի նկատմամբ կստանա օգտագործման իրավունք։

Միաժամանակ կառավարությունը հնարավորություն կունենա սահմանել հողամասերի հատուկ սխեմաներ, որոնց շրջանակում կերաշխավորվի սեփականության իրավունքի գրանցումը՝ անկախ դատական վեճի արդյունքից։

Նախատեսվում է նաև, որ գնորդները պարտադիր կտեղեկացվեն տվյալ գույքի հետ կապված դատական գործի մասին, իսկ համապատասխան նշումը կներառվի գործարքի փաստաթղթերում։

Օրենսդրական փոփոխությամբ սահմանվում է նաև, որ այս դեպքերում հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար լրացուցիչ պետական տուրք չի գանձվի։