ԱԺ դիմաց բողոքի ակցիա է․հավաքվածները պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը
Մարտի 24-ին Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքվել են հանրային և քաղաքական գործիչներ, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներ։ Նրանք պահանջում են հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամբողջական զեկույցը։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ տարիներ շարունակ սպասում են հստակ պատասխանների, սակայն մինչ այժմ չեն ստացել բավարար տեղեկություն՝ պատերազմի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ։ Նրանց հիմնական պահանջը զեկույցի ամբողջական հրապարակումն է։
Հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը իր ելույթում նշել է, որ իշխանությունները երկար ժամանակ չեն հրապարակել մի շարք կարևոր տեղեկություններ՝ դրանք համարելով գաղտնի։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հայտարարվել էր, որ հանձնաժողովի աշխատանքը կբացահայտի իրականությունը և կհանգեցնի իրավական հետևանքների, սակայն այդ գործընթացը չի շարունակվել։
Գևորգյանը ընդգծել է, որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի, որպեսզի կարողանա գիտակցված որոշումներ կայացնել, հատկապես ընտրություններին նախորդող ժամանակահատվածում։
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ շարունակելու են իրենց պահանջը մինչև զեկույցի հրապարակումը։ Նրանք ստորագրահավաք են կազմակերպել՝ Ազգային ժողովի խմբակցություններին դիմում ուղարկելու համար, և հայտնել, որ ամեն օր՝ ժամը 15։00-ին, հավաքվելու են խորհրդարանի շենքի դիմաց։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր՝ հանձնաժողովի զեկույցը ժամկետների խախտման պատճառով չի ընդգրկվելու լիագումար նիստերի օրակարգում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այն չի հրապարակվելու և փոխանցվել է խորհրդարանի համապատասխան բաժին՝ որպես գաղտնի փաստաթուղթ պահպանելու համար։

