ԱԺ-ն հավանություն տվեց ԵԱՏՄ–Մոնղոլիա ազատ առևտրի համաձայնագրին

ՀՀ Ազգային ժողովը միաձայն՝ 94 կողմ ձայներով, հավանություն տվեց ԵԱՏՄ անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի նախագծին։

Համաձայնագիրը նախատեսում է ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցում, ինչպես նաև մաքսատուրքերի փոխադարձ կրճատում՝ յուրաքանչյուր կողմից 367 ապրանքային անվան համար։

Հայաստանի համար առավել կարևոր են ծխախոտի, կոնյակի, շոկոլադի, հանքային ջրի և պահածոյացված մրգերի արտահանման համար սահմանվող արտոնությունները։ Արդյունքում՝ Մոնղոլիայում հայկական ապրանքների միջին մաքսատուրքը կնվազի 7.5%-ից մինչև 1.2%, իսկ արտոնությունները կտարածվեն Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 98%-ի վրա։

Համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով՝ ևս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերը այլ որոշում չկայացնեն։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանից Մոնղոլիա արտահանումը կազմել է 340 հազար դոլար, իսկ 2023 թվականին՝ 516 հազար դոլար։ Ներմուծումը Մոնղոլիայից Հայաստան կազմել է համապատասխանաբար 53 հազար և 7 հազար դոլար։

Կառավարության գնահատմամբ՝ մաքսատուրքերի կրճատումը և մատակարարումների հնարավոր աճը կարող են հայկական ընկերություններին տարեկան ապահովել մինչև 1 մլն դոլարի խնայողություն։