ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում կկառուցվի 400 ՄՎտ հզորությամբ 2 արևային էլեկտրակայան

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է հաջորդ շաբաթ պայմանագիր կնքել «Մասդար» ընկերության հետ երկրորդ խոշոր արևային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ, հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ընկերությունը 200 մեգավատ հզորությամբ և շուրջ 174 մլն դոլարի ներդրումով առաջին արևային կայանի՝ «Այգ-1»-ի կառուցման մասին պայմանագիր է կնքել դեռ 2021 թվականի նոյեմբերին ՀՀ կառավարության հետ։

2022 թվականի սկզբին «Մասդարը» նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել նույն հզորությամբ երկրորդ էլեկտրակայանը կառուցելու վերաբերյալ, սակայն պայմանագրի կնքումը հետաձգվել էր։

«Այգ-1»-ի շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2025 թվականին, սակայն շինարարական աշխատանքների մեկնարկը մշտապես հետաձգվում է։ Պատճառը կարող է կապված լինել ԱՆԻՖ-ի լուծարման հետ, քանի որ «Մասդար Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին։ Վերջինս այս տարվա մայիսին լուծարվել է։

Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ Հայաստանն ավարտել է ԱՄԷ հետ աշխատանքի իր մասը՝ ԱՄԷ-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի նախագծի շրջանակներում։