
Ագրարային համալսարանի դասախոսներն ու ուսանողները երթով շարժվել են Կառավարության շենք
«Ագրարային համալսարանի» 2-րդ մասնաշենքի մի մասը կառավարությունը որոշել է տալ «Ֆրանսիական համալսարանին»։ Որոշումը ընդգրկված է հոկտեմբերի 31-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում։ Մինչև նիստի սկսելը Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «Ագրարային համալսարանին» վերաբերող որոշման մեջ խմբագրումներ պետք է արվեն։
Այս որոշումը մեծ դժգոհություններ է առաջացել «Ագրարային համալսարանի» ուսանողների և դասախոսների մոտ։ Այժմ նրանք երթով գտնվում են Կառավարության շենքի մոտ։ Համալսարանի ռեկտորը երթի մասնակիցների շարքում չէ։
Դասախոսների խոսքով՝ տվյալ մասնաշենքում կան 40-ից ավելի լսարաններ, տասնյակ գիտահետազոտական լաբորատորիաներ՝ եզակի սարքավորումներով։ Նրանք նաև նշեցին, որ նախկինում ստորագրահավաք են անցկացրել որոշման հետ կապված, սակայն իրենց ստորագրությունները այդպես էլ ԿԳՄՍ նախարարություն չեն հասել։
Կառավարության որոշմամբ՝ «Ագրարային համալսարանի» 2-րդ մասնաշենքի կենտրոնական մուտքի ձախակողմյան հատվածից 4775 քմ մակերեսով տարածք պետք է հետ վերցնել և 11 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանում Ֆրանսիական համալսարանին»։ Նույն որոշման մեջ նշված է նաև, որ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի» 5-րդ հարկը նույնպես պետք է տրամադրվի «Ֆրանսիական համալսարանին»։ Նույն համալսարանի ևս 1․94 քմ ընդհանուր մակերեսով տարածքը նախատեսվում է անժամկետ տալ «Ագրարային համալսարանին»։