ՀայաստանՍպորտ

Հայաստանը ութերորդ ոսկե մեդալն է նվաճել ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Լեհաստանի Ռաշին քաղաքում հայ ծանրորդները շարունակում են մեդալներ նվաճել։ 

Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 89 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Սուրեն Գրիգորյանը։ Հայ ծանրորդը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 157 կգ ծանրաձողը՝ տանելով փոքր ոսկե մեդալ։

Հրում վարժությունում Գրիգորյանը կրկին փոքր ոսկի նվաճեց։ Նա կարողացավ գլխավերևում պահել 193 կգ ծանրաձողը։ Երկամարտում գրանցած 350 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ չեմպիոն։ Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Մնացական Աբրահամյանը՝ երկամարտում ցույց տալով 343 կգ արդյունք (152 կգ + 191 կգ):

Լեհաստանում Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականը արդեն նվաճել է 12 մեդալ՝ 8 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե։

Ոսկե մեդալակիրներ են դարձել Էմմա Պողոսյանը, Նարեկ Մկրտչյանը, Աննա Ամրոյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Ժորա Գրիգորյանը, Գառնիկ Չոլակյանը, Գոռ Սահակյանը և Սուրեն Գրիգորյանը։ Արծաթե մեդալը նվաճել է Ռաֆիկ Մինասյանը։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել Կարեն Մարգարյանը, Վալերիկ Մովսիսյանը և Մնացական Աբրահամյանը։